Ընտանիքի միակ արու զավակն էր. մայրը գիտակցության չի գալիս
Գավառ քաղաքում հունվարի 11-ին տեղի ունեցավ ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստը: Արամայիս Ոսկանյանին հուղարկավորեցին հայրենի քաղաքում: Արամայիսը ընտանիքի միակ արու զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը սովորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանում։ «Հարևանները փաստում են, որ կիրթ ու խելացի տղա էր ու բանակ է գնացել շատ վստահ: Հայրենիքը սիրող տղա է եղել: Ես անձամբ չեմ ճանաչում, բայց բոլորիս համար մեծ ցավ է»,-հայտնեց մեր զրուցակիցը: Մայրը շարունակ կորցնում է գիտակցությունը, անգամ այս պահին չի հավատում, որ որդին կենդանի չէ:: Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Աստղիկ Ավագյան
