Ռուսաստանը լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել Սիրիայում
Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը հրապարակել է մարտի 17-ին տիեզերքից արված նկարներ, որոնցում երևում են Լաթաքիայում ռուսական ավիաբազան և Տարտուս նավահանգիստը: Նշվում է, որ լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի կեսօրի դրությամբ Սիրիան լքել է ռուսական ավիախմբի ավելի քան քառորդ մասը: Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռել են երեք Սու-34 ինքնաթիռներ, տրանսպորտային Տու-154-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 Սու-25-երն ու տրանսպորտային Իլ-76-երի մի մասը: Սու-24 ինքնաթիռները, որոնք երևում են լուսանկարներում, հավանաբար արդեն լքել են բազան, նշում է գործակալությունը: Stratfor-ը, սակայն, հաղորդում է, որ Ռուսաստանը վերջին օրերին ավիաբազայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել: «Լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու ավիաբազայի օբյեկտները, այլ նաև այն, որ այնտեղ վերջին մի քանի օրերին լրացուցիչ ակտիվներ են տեղակայել՝ ներառյալ մարտական Մի-28 և Կա-52 ուղղաթիռները», -ասված է զեկույցում։ Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռ դուրս չի բերել բոլոր Սու-30 և Սու-35 ինքնաթիռները:
