Ռուսաստանի աջակցությունը սիրիացիներին օգնեց դիմակայել ահաբեկչությանը. Ասադ
Բարեկամ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի ռազմական և քաղաքական աջակցությունը «արդյունավետորեն նպաստեց ահաբեկչության դեմ մղած պատերազմում սիրիացիների տոկունության ամրապնդմանը»: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Դամասկոսում ընդունելով Իրանի նախագահի վարչակազմին կից արտաքին կապերի գծով ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Հարազիին: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն: «Այդ աջակցությունը օգնեց վերականգնել կայունությունը և անվտանգությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի սիրիացիները կարողանան իրենք որոշել իրենց երկրի ապագան: Այդ հաջողությունը կուժեղացնի արևմտյան նեոգաղութականացման և նրա տարածաշրջանային աջակիցների՝ իրենց կամքը թելադրելու փորձերին ուղղված դիմադրությունը: Այդ փորձերը հակասում են Մերձավոր Արևելքի ժողովուրդների իրական շահերին»,- ասել է Ասադը: Ասադը իրանցի դիվանագետի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը զինադադարի լույսի ներքո: Կողմերը ուշադրություն են դարձրել Ժնևում անցկացվող միջսիրիական երկխոսությանը:
