Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ ունենալով զրո փաստ

«Հայոց աշխարհ» թերթը  գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը անխուսափելիորեն բողոքարկվելու էր, ինչի մասին արդեն հայտարարել էին նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանները: Երեկ արդեն Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, որի վերաբերյալ հարցով էլ «Հայոց Աշխարհ» թերթի  թղթակիցն սկսեց զրույցը պաշտպանական խմբում ներգրավված փաստաբան Հովհաննես Խուդոյանի («Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակ) հետ:

-Երկու օր նշվում էր, որ նախապատրաստվում է նշված բողոքը: Ի՞նչ խնդիր էր ծագել այն Վերաքննիչ ատյան ներկայացնելու հետ կապված:
-Բավական շատ աշխատանք էր պահանջվում, որովհետև տարբեր հարթություններով էր հարցը քննարկվում, բազմաթիվ տեսանկյուններ կային, որ բողոքի մեջ պետք է տեղ գտնեին: Հազվադեպ է, երբ մեկ բողոքի վրա աշխատում է մի քանի փաստաբան: Ոճերի, տեքստի, դիրքորոշումների համաձայնեցման խնդիր կա: Բացի դրանից, անընդհատ բողոքը լրացվում էր: Եթե մենք բողոքը ներկայացնելու առումով ժամանակի խնդիր չունենայինք, ապա բողոքի վրա դեռ 6 օր էլ կարող էինք աշխատել: Ի վերջո, այդ համատեղ աշխատանքի արդյունքում Վերաքննիչ դատարան այսօր (երեկ՝ օգոստոսի 1-ին-թղթ.) ներկայացված է բողոքը: Այժմ տեսնենք, թե որ դատավորին է այն մակագրվում, և գործի քննությունը որ օրն է նշանակվում: Համենայն դեպս դա տեղի կունենա առաջիկա մեկշաբաթյա ժամկետում: -Ի՞նչ է նշանակում՝ «բողոքը շարունակ լրացվում էր»: Այդքան շա՞տ խոցելի կետեր կային կալանավորման որոշման մեջ:
-Գործը սովորական գործ չէ, մասնագիտական տեսանկյունից շատ բազմաշերտ է, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնեն դատարանում:
Մյուս կողմից՝ դատարանն իսկապես այնքան վատ որոշում է կայացրել, այնքան շատ են թերությունները, որ դրանց վրա անընդհատ կարելի է աշխատել: Այո, շատ խոցելի կետեր կան: Մի փոքր օրինակ, ինչի մասին պարոն Ռուբեն Սահակյանը արդեն խոսել է, այն, որ պաշտպանական կողմին բավարար ժամանակ չէր տրամադրվել նյութերին ծանոթանալու համար: Տեսեք, մոտ 150 թերթ է նյութերի ֆիզիկական ծավալը: Նշեմ, որ քրեական գործի մեկ հատորը կարող է լինել մոտ 200 թերթ, իսկ մեզ ներկայացված նյութերի բովանդակային մասը նկատի ունենալով, կարելի է ասել՝ 2 հատորի ծավալ կար: Սովորաբար, 1 հատորի ծանոթացման համար տրամադրվում է 1 օր ժամանակ: Այս դեպքում, օրինակ, Ռուբեն Սահակյանին մոտ 4 ժամ է տրամադրվել՝ ժամը 18-22-ի միջակայքում, իսկ ես եւ պարոն Օրբելյանը առհասարակ չէինք կարող մինչև նիստը ծանոթանալ նյութերին, քանի որ հենց նիստի ընթացքում ենք ներգրավվել գործին: Դա, իհարկե, նորմալ չէ, որովհետև դատարանը նման խնդիր չուներ՝ կայացնելու շտապողական որոշում: Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ն չէր ձերբակալել, եւ 72 ժամը լրանալու հետ կապված խնդիր չկար: Ու մենք դատարանին բազմիցս հորդորել ենք, որ մեզ տրամադրի ժամանակ, որովհետև երբ գործով ներգրավում ես փաստաբան և նրան ժամանակ չես տրամադրում, ստացվում է, որ պաշտպանության իրավունքը չի ապահովվում, կամ այն ձևական բնույթ է ունենում: Ընդգծեմ, որ նշածս ժամանակի խնդիրը, որը լրջագույն դատավարական խախտում է, եղած խնդիրներից ամենափոքրն է: -Ամեն դեպքում մեղադրանք ներկայացվել է ու, որքան հասկացանք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար: Իսկ ի՞նչ կա մեղադրանքի բովանդակության մեջ: Նա կոնկրետ ի՞նչ է արել: -Խնդիրը հենց այն է, որ մենք չհասկացանք մեղադրանքի բովանդակությունը, այսինքն՝ կոնկրետ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, ի՞նչ եղանակով է տապալվել սահմանադրական կարգը: -Կներեք, պարոն Խուդոյան, բայց պետք է ասվեր, չէ՞, ինչո՞վ է սահմանադրական կարգը տապալել՝ արտակարգ դրություն մտցնելո՞վ, ինչ-որ հրաման տալո՞վ, որեւէ խորհրդակցությա՞մբ կամ ա՞յլ գործողությամբ: -Մենք նույն հարցերն առաջադրում ենք Հատուկ քննչական ծառայությանը. նշեք, խնդրում ենք, այն գործողությունը, որ հանգեցրել է հակաիրավական, պատժելի արարքների, ինչպիսի՞ գործողություններով է, ըստ ձեզ, Ռոբերտ Քոչարյանը տապալել սահմանադրական կարգը: Մենք պատասխան չենք ստանում: -Բայց մի՞թե օրենքը չի պահանջում ներկայացնել անձին կոնկրետ մեղադրանք: -Միանշանակ, իրավացի եք: Բայց ինչպես կոլեգաներս արդեն ասել են, գործ ունենք ապօրինի որոշման և ապօրինի հետապնդման հետ, եւ դժվար է նման պայմաններում ակնկալել, որ մեղադրանքը իդեալական հիմնավորված լինի: -Լավ, իդեալականը պետք չէ, գոնե հիմնավորված լինի։ -Տեսեք. օրենքի պահանջ է, որ յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Իսկ գործողությունն էլ պետք է հստակ նկարագրված լինի մեղադրանքում: Հիմա խնդիրն այն է, որ երբ մենք չունենք ներկայացված որոշակի հասկանալի միտք, չենք կարող դրա շուրջ դատողություններ անել: -Ի դեպ, դուք առիթ ունեցե՞լ եք կալանքի վայրում հանդիպել ձեր պաշտպանյալի հետ: Ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը: -Պարոն Քոչարյանը ֆիզիկապես իրեն լավ է զգում: Հոգեբանորեն՝ վճռական է տրամադրված: Ինչպես հայտարարեց, պատրաստվում է պայքարել մինչեւ վերջ՝ իր իրավունքների պաշտպանության համար, բոլոր իրավական միջոցներով: Հնարավորության սահմաններում մարզվում է և աշխատում գրքի վրա, որի մասին նշել էր: -Բարի: Վերադառնալով գործին, հասկանալի է, հաշվի առնելով նախաքննության գաղտնիքները չհրապարակելու պարտավորությունը, հակիրճ գոնե կարելի՞ է ասել, թե Հատուկ քննչական ծառայության ներկայացրած մեղադրանքի տակ ի՞նչ կա: -Կարելի է ասել՝ ոչինչ չկա: -Այսօր, ի դեպ, հարցեր են տրվում, թե որքանո՞վ էր անհրաժեշտ նախկին նախագահի կալանավորումը: -Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ավելի շուտ անձնավորված է, նաև՝ հաշվի առնելով էմոցիոնալ ինչ-որ ֆոն: Մեր դեպքում, հատկապես կոլեգաներիս վրդովմունքը պայմանավորված էր նրանով, որ դատարանն արդեն այդ կետում պետք է գործն ավարտեր, որովհետև հիմնավոր կասկած առաջացնող որեւէ փաստական հանգամանք դատարանին չէր ներկայացվել: -Դուք և ձեր կոլեգաները նշում եք, որ նախկին նախագահին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը վատն է, ապօրինի: Ինչո՞ւ է այն վատը կամ ապօրինի: -Դա շատ հստակ է: Մենք դիտարկում ենք փաստերը: Օրինակ, դատարանին ներկայացվա՞ծ են կալանքի համար անհրաժեշտ փաստեր, թե՞ ոչ: Ենթադրենք, պետք է ներկայացվեր 10 փաստ, դատարանն ունեցել է 5 փաստ, կալանքի որոշում է տվել: Սրա շուրջ կարելի է քննարկում ծավալել: Իսկ կոնկրետ այս դեպքում դատարանն ունենալով զրո փաստ՝ կալանքի որոշում է տվել: Մեզ համար այդ որոշման ապօրինությունը որևիցե ձևով չի կարող կասկածի տակ դրվել: Եվ մասնագիտական կարծիք հայտնեմ, որ այն օրը, երբ որ այդ գործը կավարտվի, և տեղեկատվությունը հրապարակային կդառնա, մեծ է հավանականությունը, որ վարույթն իրականցնող մարմինը կամ դատավորը կարող են կանչվել պատասխանատվության ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար: Սա շատ լուրջ է: -Կա նաև տեսակետ, որ դատարանն ուղղակի իշխանության քաղաքական հրահանգն է կատարել՝ կալանավորելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին: -Ես այդ հարցին կնախընտրեմ չպատասխանել, որովհետև դա մասնագիտական գնահատական չի լինի: Ես ընդամենը այդ հարցի կեսին կպատասխանեմ. այն, ինչ կատարվում է մեր պաշտպանյալի հետ, դրանում իրավական հետապնդումն առկա չէ: Թե դա ի՞նչ է, չեմ մեկնաբանի, արդեն բոլորովին այլ տարբերակների մասին կարելի է մտածել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am