Վաղը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան
Վաղը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: "Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կզգացվի մարտի 20-ի առավոտյան ժամերից, շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև մարտի 21-ի գիշերը: Քանի որ ցիկլոնը իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ վաղը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց",-նշել է նա: Սուրենյանը զգուշացրել է, որ ելնելով այս հանգամանքից ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է վարորդներին նշված շրջաններ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ մարտի 23-ից սկսած Հայաստան կգան հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
