Թուրքական ամսագրի նոր համարը նվիրվել է հայ գրականությանը
Թուրքական «Notos» գրական ամսագիրն իր 55-րդ համարը նվիրել է հայ և հայալեզու գրականությանը: Ամսագրի 2016 թվականի առաջին համարում լայն անդրադարձ է կատարվել 1915ից առաջ և հետո հայ ու հայալեզու գրականության զարգացումներին, անվանի ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործություններին, հաղորդոմ է Ermenihaber.am կայքը` վկայակոչելով «Ermenikulturu.com» կայքին: Ամսագրի նոր համարում տեղ են գտել ինչպես հայաստանցի, այնպես էլ սփյուռքահայ և մասնավորապես պոլսահայ գրողների ու նրանց ստեղծագործությունների մասին տեղեկություններ: «Notos»-ն անդարադարձել է նաև այն հայ գրողներին, որոնք ստեղծագործել են ոչ թե հայերեն, այլ այլ լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն, հունարեն և այլն: Առանձին անդրադարձ է կատարվել նաև հայատառ թուրքերեն գրականությանը, օրինակներին, հեղինակներին: «Notos»-ի 55-րդ համարում տեղ են գտել Մեհմեթ Ֆաթիհ Ուսլուի, Սեվան Դեղիրմենջյանի, Ազիզ Գյոքդեմիրի, Մարալ Աքթոքմաքյանի, Մուրաթ Ջանկարայի, Արարատ Շեքերյանի, Հազալ Հալավութի, Նազան Մաքսուդյանի, Կարին Քարաքաշլըի, Վահրամ Դանիելյանի և Սոնա Մնացականյանի հոդվածները:
