Շուլց. Եվրախորհրդարանը չի պարզեցնի Թուրքիայի համար վիզայի չեղարկման գործընթացը
Եվրախորհրդարանը չի պարզեցնի Թուրքիայի համար վիզայի չեղարկման գործընթացը, ամեն ինչ պետք է արդար լինի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի բացմանը հայտարարել է ԵԽ ղեկավար Մարտին Շուլցը: «Եվրախորհրդարանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ, բայց երկու պայման կա: Նախ՝ չի կարող մեր խորհրդարանական գործընթացի որեւէ կրճատում լինել: Դա լուրջ որոշում է»,- ասել է ԵԽ ղեկավարը: Նրա խոսքով, չի կարելի մոռանալ, որ ԵՄ-ն վիզայի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում նաեւ այլ երկրների եւ տարածաշրջանների հետ, օրինակ՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության: «Եվ մենք պետք է ցույց տանք, որ յուրաքանչյուր երկրի հետ ազնիվ ենք վարվում»,- նշել է Շուլցը: Եվրամիությունը կարիք ունի Թուրքիայի հետ համագործակցության, այլ ոչ թե նրանից կախվածության: Շուլցը նաեւ հավելել է, որ ԵՄ-ի Թուրքիայի անդամակցության եւ միգրացիոն ճգնաժամի լուծման շուրջ բանակցությունները պետք է առանձնաբար ընթանան:
