Սիրիայում ՕՏՈւ գործողության համար 33 մլրդ ռուբլի է ծախսվել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սիրիայում ՕՏՈւ գործողության համար 33 մլրդ ռուբլի է ծախսվել: Այս մասին նա հայտնել է Սիրիայում հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին եւ ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներին պետական պարգեւներ շնորհելու արարողության ժամանակ: «Սիրիայում ռազմական գործողությունը պահանջեց որոշակի ծախսեր, բայց դրանց հիմնական մասը պաշտպանության նախարարության ռեսուրսներն էին, մոտավորապես 33 մլրդ ռուբլի, որը մինչ այդ՝ 2015թ. արդեն հատկացվել էր նախարարությանը՝ զորավարժություններ անցկացնելու ու մարտական պատրաստվածություն ապահովելու համար: Մենք պարզապես վերաբաշխել ենք այս ռեսուրսները՝ Սիրիայում մեր խմբավորման կարիքների համար: Այս գումարները ծախսվել են մեր երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու, Ռուսաստանի ռազմավարական ու անվտանգության ապահովման ընթացիկ խնդիրները լուծելու համար ու այդ ամենը հենց հիմա էր պետք անել, որպեսզի հետագայում մենք ստիպված չլինեինք ավելի մեծ գին վճարել»,- ասել է Պուտինը:
