Իրանի նոր բյուջեի կախվածությունը նավթից 25 տոկոս է. Ռոհանի
«Իրանի նոր բյուջեի կախվածությունը նավթից 25 տոկոս է»,-այդ մասին իրանական «Ասիրան.քոմ» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի նախագահը Հարավային Փարս գազի հանքավայրի 15 և 16-րդ հատվածների շահագործման հանձնման արարողության ժամանակ, անդրադառնալով երկրի տնտեսական զարգացման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Թող որոշ շրջանակներ չխոսեն լճացման մասին. Կառավարությունը 30 դոլարանոց նավթի գնի պայմաններում է կառավարում երկիրը, ոչ թե 147: Կառավարությունը երկիրը կառավարում է պատժամիջոցների պայմաններում»: «Մենք երկիրը տանում ենք կատարյալ տնտեսական անկախության ճանապարհով: Մենք ուրախ կլինենք, որ երկրի հարստությունը կհամարվեն բարձր տեխնոլոգիաները, աշխատաշուկան, երիտասարդների գիտելիքն ու հմտությունները: Մեր կախվածությունը պետք է լինի ներքին տեխնոլոգիաներից, աշխարհի հետ կառուցողական փոխգործակցությունից, ոչ թե նավթի գնի բարձրացումից»,-հավելել է Իրանի նախագահը:
