Չենք զբաղվելու Դաշնակցության օգտին քվե հավաքելով
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը չի զբաղվելու ընտրական գործընթացներով եւ Դաշնակցության օգտին քվե հավաքելով: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը: «Նախարարությունը չի զբաղվելու այդպիսի խնդիրներով»,-հայտարարել է Լոքյանը: Նա փորձել է բացատրել նախարարության անվանման մեջ ավելացված «զարգացման» բառի նշանակությունը: «Հիմնական նպատակն է տնտեսապես խթանել մարզերը, որտեղ ՀՆԱ-ի շատ ցածր տոկոս կա, որտեղ բացակայում են աշխատատեղեր, տնտեսությունը պակաս դիվերսիֆիկացված է, որի արդյունքում աղքատության տոկոսը մեծ է»,-ասել է Լոքյանը: Անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետի կադրային քաղաքականությանը, որն, ըստ մամուլի տեղեկությունների, աշխատանքի է ընդունում բարեկամներին, Լոքյանը նշել է. «Ես տեղեկացված չեմ, դա մարզպետի իրավասությունն է հայեցողական պաշտոններում որոշակի մարդկանց նշանակել, կարող են լինել նաեւ դաշնակցական»:
