Ո՞ւր են գնացել «Նաիրիտի» միլիոնավոր դոլարները
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց «Նաիրիտ» գործարանի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի որոշումը: Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե կոնցեպտուալ մոտեցումը ո՞րն է՝ վերագործարկելո՞ւ են «Նաիրիտը», թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ աշխատանքային խմբում ընգրկված չեն հայտնի մասնագետները, և արդյոք արդեն հնացա՞ծ է 2012-13թթ-ին «Ջակոբս» ընկերության եզրակացությունը, որով ներկայացվել էին «Նաիրիտի» գործարկման համար անհրաժեշտ բոլոր առաջարկությունները: Նշելով նախարարության ղեկավարության փոփոխության հարցը՝ Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե արդյոք ի վերջո պարզելո՞ւ են, թե ո՞ւր են գնացել միլիոնավոր դոլարի գումարները: Լ.Յոլյանը հայտարարեց, որ խմբում ընդգրկվել են մարդիկ, ովքեր իր իմացությամբ կարող են ներկայացնել առաջարկներ հետագայի համար, որպեսզի հասկանան, թե ինչ ուղղությամբ կարելի է տանել «Նաիրիտը»: Նա ասաց նաև, որ ներկայումս բանակցում են «Ростех РТ-Химкомпозит»-ի հետ, ակնկալում են նրանց առաջարկները հետագա շահագործման առումով:
