Ամերիկյան մամուլի անդրադարձը Թուրքիայի արտահերթ ընտրություններին
Ամերիկյան մամուլը և հեռուստաալիքներն ուշադրության կենտրոնում են պահել հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունները։ Հաղթանակ տարած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է «New York Times», «Washington Post» պարբերականների շապիկներին։ Թեմային է անդրադարձել նաև «CNN» հեռուստաալիքը։ «New York Times»-ը մասնավորապես գրել է. «Թուրքիայի համար կարևոր ընտրություններում Էրդողանը հայտարարեց իր հաղթանակի մասին»։ Նշվել է, որ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքել է 53 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած ԱԶԿ-ն՝ խորհրդարանական ընտրություններում ստացել է 43 տոկոս ձայն։ Տեսակետ կա, որ հաղթանակից հետո Էրդողանն Արևմտյան դաշնակիցների հետ համագործակցությունը 2-րդ պլան կմղի՝ առաջին պլան բերելով ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը։ «Washington Post»-ը Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ նյութը վերնագրել է «Ոչ պաշտոնական տվյալներով Էրդողանը հաղթանակ տարավ ընտրություններում, բայց ընդդիմությունը պնդում է, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ»։ «CNN» հեռուստաալիքի եթերով էլ ընդգծվել է, որ ընդդիմությունը բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել:
