Բժշկին թույլ չեն տվել հետազոտել Վահան Շիրխանյանին
«Վահան Շիրխանյանը նորից նույն վիճակում է՝ առողջական նույն խնդիրներով, բայց մենք այսօր բժշկի հետ միասին չկարողացանք մուտք գործել, որպեսզի նա կարողանար հետազոտել Վահան Շիրխանյանին»,-araratnews.am-ի հետ զրույցում Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանվորված` ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին խոսեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը և հավելեց.«Բժշկից թուղթ ուզեցին, թե կոնկրետ որ բուժ-հիմնարկում է աշխատում: Ձեռքի տակ այդ փաստաթուղթը չկար և երևի վաղը այդ փաստաթղթով բժշկի հետ ներկայանանք»: Պաշտպանի հավաստմամբ, եթե իր պաշտպանյալի առողջական վիճակում վատ տեղաշարժ նկատեն, հնարավոր է նաև տեղափոխելու հարց բարձրացնեն.«Ես տեսակցեցի և ոչ մի փոփոխություն՝ դրական, կամ բացասական, չկար: Սպասում ենք բժիշկը հետազոտի, նոր իր վիճակի մասին որոշակի պատկերացում ունենանք: Եթե տարբերություն լինի, վիրահատության, տեղափոխման հարց կբարձրացնենք»: Նշենք, որ Վահան Շիրխանյանի առողջական վատ վիճակը կապված է ոտքերի հետ՝ ձախ ոտքից երակներ են հեռացվել, իսկ աջ ոտքում արյան թրոմբ կա:
