Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանը պետք է լինի։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած տեսանյութում։
«Կարծում եմ՝ Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրություն, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի», - նշել է Օսկանյանը։
Նա ընդգծել է՝ չի տիրապետում մանրամասներին, բայց կարծում է, որ այդպես կլինի, որովհետև «այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, միգուցե, մի տարվա»։